ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Վաղարշապատի հիվանդանոց, ծանոթացավ վերակենդանացման, վիրահատական, թերապևտիկ, այլ բաժանմունքների աշխատանքին: Կենտրոնում այժմ բուժում է ստանում 71 հիվանդ:

 


Վիրահատական բաժանմունքում նախարարը հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանից հետաքրքրվեց վիրահատությունների ծավալներով: Տարեկան այստեղ կատարվում է 645 վիրահատություն: Արմեն Մուրադյանի ուշադրության կենտրոնում ներհիվանդանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներն էին:

 

 

Վաղարշապատի հիվանդանոցում արդիական է վերանորոգման և նյութատեխնիկական պայմանների բարելավման խնդիրը: Նախարարը հորդորեց հիվանդանոցի ղեկավարությանը նպաստել մարզում որակյալ մասնագետների համար գրավիչ աշխատանքային պայմաններ ստեղծելուն: Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է աջակցել երիտասարդներին արտերկրի լավագույն կլինիկաներում վերապատրաստում անցնելու հարցում:

 

 

Վաղարշապատի ծննդատունը ևս շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման կարիք ունի: Ծննդատունն ապահովված է որակյալ բուժաշխատողներով: 17 բժշկից 13-ը հիմնական են, 4-ն աշխատում է հերթապահությամբ: Ելնելով շենքային պայմանների ոչ բարվոք վիճակից՝ նվազել է ծնունդների թիվը: Եթե 2013 թվականին գրանցվել էր 748, ապա 2014 թ. 628 ծնունդ:

 

 

Նախարարը շրջեց նորածնային բաժանմունքով, զրուցեց հիվանդների հետ: Բուժաշխատողները գոհունակություն հայտնեցին օրեր առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և BirthLink ՀԿ-ընկերության կողմից տրամադրված ժամանակակից բժշկական սարքավորումների համար:

 

 

Վաղարշապատի պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 55 հազար բնակչություն: Տնօրեն Լիլիթ Գասպարյանից Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց ՀՀ առողջապահության նախարարության սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչում այս տարի ներդրված ստուգայցի ծրագրի իրականացման ընթացքով, պատվաստումների ապահովման ծածկույթով, ինչպես նաև բուժաշխատողների աշխատավարձով: Բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին պոլիկլինիկայի աշխատանքից, որը սպասարկում է նաև Էջմիածնի հարակից գյուղերի բնակչությանը:

 

 

Հաջորդիվ առողջապահության նախարարն այցելեց Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ: