Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակել է 2015թ. հունվարի վիճակագրական տվյալները. անցյալ տարվա հունվարի համեմատ 2015թ. նույն ամսին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 30.4 տոկոսվ, իսկ արտահանումը' 21.9 տոկոսով:

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն, «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության վերաբերյալ վիճակագրությանը' նշեց, որ կան մի շարք գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն, որպեսզի մեկնաբանությունների առումով ամեն ինչ հստակ լինի: «Առաջին գործոնը, որը ես կուզենամ ընդգծել, դա վիճակագրության մեթոդոլոգիան է:

 

 

Ինչպես բոլորս գիտենք, հունվարի սկզբից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, ինչը միության անդամ երկրներ արտահանման-ներմուծուծման վիճակագրության վրա ունի որոշակի ազդեցություն: Հրապարակված թվերը, որոնք պաշտոնապես նշվել են որպես ծանուցում, ըստ էության, այն առևտրի մասով, որը վերաբերում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության այլ անդամ երկրների առևտրաշրջանռությանը, ենթակա են հստակ ճշգրտման, և այստեղ, թերևս, ամբողջ առևտուրը չէ, որ ներառված է:

 

 

Այսինքն' եթե նախկինում' մինչև 2015թ. հունվարի 2-ը, Հայաստանից ապրանք էր արտահանվում Ռուսաստան, Ղազախստան կամ Բելառուս, դա հստակ երևում էր որպես Հայաստանից արտահանում դեպի այդ երկրներ, քանի որ սահմանին իրականացվում էին մաքսային ձևակերպումներ, և այդ ամենը վիճակագրության մեջ արտացոլվում էր շատ հստակ:

 

 

Նույնն էր նաև ներմուծման առումով: Սակայն հունվարի 2-ից, երբ Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, առևտրաշրջանառության մաքսային ձևակերպումներն այլևս այդ երկրների հետ առևտրի պարագայում չեն արվում, քանի որ մենք գտնվում ենք նույն տնտեսական գոտում: Այսինքն' ապրանքը սահմանին ձևակերպվում է որպես տարանցիկ (Վրաստանի տարածքով), տեղափոխվում է, օրինակ, Ռուսաստան և այնտեղ շարունակում է ազատ շրջանառությունը: Հետևաբ ար, այս դեպքում կլինի որոշ ապրանքային քանակություն և' արտահանման, և' ներմուծման առումով, որը վիճակագրության մեջ փոփոխությունների կբերի:

 

 

Թե որքան կլինեն այդ փոփոխությունները, մենք կարող ենք դատել նախորդ տարվա ցուցանիշներից, ըստ որոնց, Ռուսաստանի հետ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը եղել է մեր ամբողջ առևտրաշրջանռության 24 տոկոսը: Սա բավականին լուրջ ցուցանշ է, և սրա ընդհանուր ազդեցությունը վիճակագրության համար էական նշանակություն ունի: Այստեղ էական դեր կարող է խաղալ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների շրջանառության հաշվարկի մեթոդոլոգիան' արդյոք այդ թվերն ամբողջությամբ ներառվա՞ծ են, թե' ոչ: Ես կարծում եմ' այստեղ լուրջ ճշգրտման խնդիր կա»,- շեշտեց Մելքոնյանը:

 

 

Փոխնախարարն ընդգծեց, որ վիճակագրության վրա էական ազդեցություն է ունեցել դեկտեմբերին միջազգային շուկայում տեղի ունեցած կտրուկ տատանումները, մասնավորապես, ՌԴ ֆինանսական շուկայում գրանցված կտրուկ տատանումները: «Ինչպես գիտեք, ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով դրսից ներմուծվող ապրանքները ռուբլով բավականին թանկանում են Ռուսաստանի շուկայում, և այստեղ իրավիճակ է առաջացել, երբ այն արտահանողները, ովքեր պայմանագրերը ստորագրել էին դոլարային արտահայտությամբ, ռուսական ներմուծողի համար ոչ նպաստավոր իրավիճակ են ստեղծել, որովհետև ապրանքը տեղում բավականին թանկանում է: Այն պայմանագրերը, որոնք կնքված էին ռուբլով, մեր տեղական արտահանողների համար էին ստեղծում ոչ շահեկան վիճակ, և այս ամենը ժամանակի խնդիր է, որը ենթակա է ճշգրտման»,- հայտնեց Մելքոնյանը:

 

 

Երրորդ գործոնը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը համարում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հայ գործարար հատվածի որոշ մասի սպասողական վիճակը: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է ընթացակարգերին, գործիքներին, ձևակերպումներին: Եվ այս հունվարի և նախորդ հունվարի վիճակագրական տարբերությունները կարող են բացատրվել այդ սպասողական վիճակով, որովհետև, եթե հիշում եք' մինչև հունվարի կեսերը շատ գործարարներ դեռևս փորձում էին ընկալել, թե ինչ է փոխվել Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո»,- ընդգծեց փոխնախարարը:

 

 

Մելքոնյանը ներկայացրեց վիճակագրության վրա ազդեցություն ունեցող մեկ այլ գործոն ևս:«Գործարարները նախապես գիտեին, որ այն ապրանքների մասով, որոնք և' ներմուծվում են, և' արտահանվում, մաքսային դրույքաչափերի որոշակի փոփոխություններ կան, և որոշակի ներմուծումներ էին կատարել և պաշարներ կուտակել դեկտեմբերի ընթացքում»,- ասաց նա:

 

 

Գարեգին Մելքոնյանը նշեց, որ արտաքին առևտրաշրջանռության վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա ազդեցություն ունեցող գործոն է նաև անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին միջազգային շուկայում գրանցված գնային փոփոխությունները: «Ինչպես գիտենք, մեր արտահանման մեջ էական բաժին է կազմում պղնձի, մոլիբդենի և ոսկու հումքը, և միջազգային շուկայում այս ապրանքների գների անկումը, բնականաբար, եթե նույնիսկ քանակները պահպանվեին, առնվազն գոնե գումարային առումով կարտահայտվեր ՀՀ արտահանման ցուցանիշներում»,- հայտնեց Մելքոնյանը:

 

 

Վիճակագրական տվյալների վրա, ըստ փոխնախարարի, որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին տոնական, ոչ աշխատանքային օրերը շատ են եղել: