Ռուսաստանի հետ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը ներկայում չի քննարկվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատո ւկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ավելի վաղ նա հայտարարում էր, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երևան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպումը, եթե «դա ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը»:
«Երկաթուղու շուրջ առարկայական քննարկում ոչ մի տեղ չի եղել: Այնպես որ դժվար է մեկնաբանել այդ հարցը: Դա վրաց-ռուսական երկաթուղի է, և եթե սկսենք մտածել այն վերականգնելու մասին, նախևառաջ հարկավոր է կարգավորել քաղաքական հարցերը, որովհետև դա սոսկ հաղորդակցուղիների վերականգնման հարց չէ: Ամենից առաջ պետք է պարզել քաղաքական խնդիրները և այն, թե քաղաքական ինչ համատեքստում այդ նախագիծը կարող է գործարկվել»,- ասել է Աբաշիձեն:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ծանոթ չէ Վրաստանից Չեչնիայի տարածքով Ռուսաստան երկաթուղու կառուցման ծրագրին: Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:
«Մենք այդ հարցը չենք քննարկել, մեզ նման հարցով ու նախաձեռնությամբ ոչ ոք չի դիմել»,- հավելել է Աբաշիձեն: