ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին «քաջություն» դրսևորել և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ կոնգրեսականն այս հայտարարություն արել է փետրվարի 25-ին' Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում պետքարտուղար Քերիի ելույթի ժամանակ:

 

«Սենատոր եղած տարիներին Դուք եղել եք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից: Այժմ մենք պատրաստվում ենք ոգերկոչել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, և ես հույս ունեմ, որ Դուք կդրսևորեք քաջությունը, որով Դուք անձամբ հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք «ցեղասպանություն» բառը հարյուր տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցածը նկարագրելու համար»,- ասել է Շերմանը:

 

Ջոն Քերին առաջիկա շաբաթներին գրավոր կպատասխանի այս և կոնգրեսականների կողմից բարձրացված այլ հարցերին: