Մեծ հայրենասեր, ֆենոմենալ նկարիչ, մտավորական…Բարեկամները, հարազատները, արվեստասերներն ու պարզապես Մարտիրոս Սարյանի գործը գնահատողները փետրվարի 28-ին հավաքվեցին անվանի նկարչի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Փետրվարի 28-ը Սարյանի ծննդյան օրն է: Տարին հոբելյանական է. նշվում է անվանի նկարչի 135-ամյակը:

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանի համոզմամբ՝ Սարյանը հավերժի ճամփորդն էր: «Մենք նշում ենք այս օրը և մեկ անգամ ևս հպարտանում ենք, որ մեր ազգի զավակն է Մարտիրոս Սարյանը, որ թողել է այնպիսի ժառանգություն, այնպիսի արվեստ, որով մենք կարող ենք հպարտանալ աշխարհի առջև», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նկարչի թոռնուհին:

 

Ռուզան Սարյանը համոզված է՝ շատերն արտասահմանում տեսնելով Սարյանի կտավները գալիս են Հայաստան տեսնելու, թե ինչ դրախտային երկիր է պատկերված նրա կտավներում:

 

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Մարտիրոս Սարյանի արձանի հեղինակն է: «Սարյանի ֆենոմենը կա և կմնա բոլոր ժամանակների համար որպես մի անբացատրելի երևույթ: Ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստում: Սարյանն ինձ համար միշտ եղել է խորհրդանիշ: Երբ տարիներ շարունակ աշխատում էի արձանի վրա, մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի Սարյանը: Նա մեզ պարգևեց Հայաստան աշխարհի բնութագիրը: Մենք ունեցել ենք շատ տաղանդավոր նկարիչներ, որոնք պատկերել են Արարատը: Բայց այնպես, ինչպես Սարյանը տեսավ Հայաստանը, ոչ մի նկարիչ չտեսավ: Հայաստանում գուցե այդքան էլ չենք զգում դա՝ թվում է, թե նույն արևն է, նույն սարերն են: Սարյանը մեր ժողովրդի խորհրդանիշն է, նրա արվեստում կա արև ու լույս»,-նշեց Լևոն Թոքմաջյանը:

 

Սարյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ներկաները շարժվեցին Կոմիտասի անվան պանթեոն' խնկարկելու մեծ արվեստագետի հիշատակը:

 

Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Ավարտել է տեղի հանրակրթական երկլեզու (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը, այնուհետև սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։