Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» պարբերականի թղթակիցը սիրիահայ գաղթականներին նվիրված հոդված է հրապարակել: Նա եղել է Հայաստանում և հանդիպել Սիրիայի պատերազմի հետևանքով գաղթած և այստեղ ապաստանած հայերի հետ: Մոտ 15 հազար հայ պաշտպանություն է գտել պատմական հայրենիք Հայաստանում: Սիրիայից գաղթածների մեծ մասը Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն են: «Վախենամ, պատմությունը կրկնվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ «Լոս Անջելես Թայմսի» թղթակցի հետ զրույցում ասել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

 

Հայաստան գաղթածները Սիրիայում են թողել իրենց տները, բիզնեսները, դպրոցներն ու հողատարածքները: Որոշ գաղթականներ էլ թիրախ են դարձել գրոհայինների համար: «Իմանալով, որ ես հայ եմˋ նրանք կապեցին ձեռքերս և աչքերս, ապա սկսեցին մտրակել և այրել»,- պատմում է Գրիգոր անունով սիրիահայ երիտասարդը, ում 2013 թվականին «Ալ Քաիդային» առընթեր «Ալ Նուսրա ճակատ» ծայրահեղական խմբավորման անդամները առևանգել էին Սիրիայի Իդլիբ նահանագի ավտոբուսից: Ժամեր անց նրան հաջողվել է փրկվել: Այս դառը փորձառությունից հետո նա որոշում է կայացրել, որ հեռա նալու ժամանակն է: Որոշ սիրիահայեր էլ առևանգվել են իրենց ունեցվածքի համար, մյուսները' սպանվել փոխրհրաձգության ժամանակ կամ կրոնական պատճառներով:

 

Սիրիահայերի մեծ մասը խոսում է արաբերեն և հայերեն, ինչն էլ նպաստել է նրանց ձուլմանը հայաստանյան պայմաններին և կյանքին: Հայկական մշակույթի և ինքնության պահպանման գործում վճռորոշ նշանակություն ունեն հատկապես հայկական դպրոցները: Պարբերականը նշում է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը գումարներ է տրամադրում Հալեպի դպրոցներին' համաշխարհային մակարդակով հայկական ինքնությունը պահպանելու առաքելությամբ:

 

«Հայկական դպրոցներն են պահպանում հայկական ինքնությունը,- ասել է Հալեպի հայկական կենտրոնական դպրոցի 60-ամյակին նվիրված միջ ոցառմանն այցելած սիրիահայ կանանցից մեկը:- Իմ ծնողներն այնտեղ են դպրոց գնացել, ես էլ եմ այնտեղ դպրոց գնացել...»: «Դպրոցը գանձի նման է հայերի համար»,- միջամտել է մյուսը: