Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինծառայողին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Գյանջայում տեղակայված զորամասերից մեկի 25-ամյա զինվոր Վիջայ Հյուլմաթ օղլու Փյարվանաևը մահացել է «սրտի անբավարարությունից»: Կայազորի ռազմական դատախազությունում զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Վիջայ Փյարվանաևն ադրբեջանական բանակ զինծառայության էր կանչվել լեզգիներով խիտ բնակեցված Գուսարի շրջանից:

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսոիոն ներթափանցման սադրանքի ժամանակ ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողի:

 

Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները սովորաբար ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք:

 

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 36 զինծառայող և 27-ից ավելի վիրավոր:

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են միայն 10 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 7-ը մահացել են մարտական պայմաններում: