Եվրամիությունը, Դանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդհանուր առմամբ ավելի քան 40 մլն դոլար հատկացնել Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում, որը հրապարակվել է մարտի 2-ին:
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ը ներկայացրել է Ուկրաինայի հումանիտար օժանդակման 2015 թվականի նորացված ծրագիրը, որը նախատեսված է 3,2 մլն մարդու համար և գնահատվում է 316 մլն դոլար:
Ինչպես նշվում է վարչության զեկույցում, Մեծ Բրիտանիան հայտարարել է 15 մլն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 25 մլն դոլար) տրամադրելու մասին, Եվրամիությունը կհատկացնի 15 մլն եվրո (շուրջ 16,5 մլն դոլար), Դանիան՝ 1,3 մլն եվրո (մոտավորապես 1,4 մլն դոլար):
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ զեկույցն ընդգրկում է 2015 թվականի փետրվարի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածը: Դրանում նշվում է Դոնեցկի ծանր հումանիտար իրադրությունը: «Դոնեցկի բունկերներում մարդկանց չեն բավականացնում խմելաջուրը, մաքրության միջոցները և հիգիենիկ միջոցները: Արևելքի մի շարք վայրերում մարդիկ մինչ այժմ զրկված են խմելու ջրից»,- նշվում է զեկույցում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Ուկրաինայում ավելի քան 6 հազար մարդ Է զոհվել հակամարտության սկսվելուց ի վեր: Վարչության վիջակագրության համաձայն, որը հավաքվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայում զոհվածների թիվը կազմել Է ավելի քան 6 հազար, ներառյալ մալայզիական Boeing-ի 298 ուղևորները, ևս շուրջ 14,8 հազար մարդ վիրավորվել Է: Փետրվարի 28-ի տվյալներով՝ զոհվածների թիվը 5809 Էր:
Դրա հետ մեկտեղ վարչությունում ընդգծում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ ՄԱԿ-ի վարչության առաքելությանը չի հաջողվում ամբողջական տեղեկատվություն ստանալ զոհվածների վերաբերյալ: