Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ապրիլի 1-ից կմեկնարկեն կանաչապատման հիմնական աշխատանքները:

 

Ծաղկապատման հետ կապած էլ նշվել է, որ արդեն իսկ ներկրվել ու ծաղկաբաժակներ է տեղափոխվել 280 հազար ծաղկասածիլ, առաջիկայում կներկրվի ևս 500 հազարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել ոռոգման համակարգերի անցկացման, մասնավորապես, խորքային հորերի գործարկման համար անցկացվող մրցութային գործընթացների նկատմամբ՝ նախատեսված աշխատանքները հնարավորին սեղմ ժամկետում ավարտելու համար:

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել ապրիլի 1-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից շատրվանների գործարկման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարվելիք համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:

 

 

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: