Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում քննարկվեց Գեղարքունիքի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, որը մարզպետի հաստատմանն էր ներկայացվել մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից:

 

 

Ծրագրի կետերի շուրջ եղան առանձին քննարկումներ, հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից արվեցին նոր առաջարկություններ: «Միջոցառումների ծրագրի ընդունված կետերին կարող են ավելանալ նորերը, քանի որ տարվա ընթացքում կարող են ծնվել նոր մտահղացումներ, նախաձեռնություններ, որոնք կբխեցվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական Հռչակագրի պահանջներից, որոնք կոգեկոչեն ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի, այնպես էլ ազգային- ազատագրական ու ինքնապաշտպանական պայքարի գործիչների հիշատակը, կփառաբանեն մեր ազգային նվաճումներն ու արժեքները, ի ցույց կդնեն մեր կենսունակությունն ու կենսասիրությունը, ցեղասպանությունից վերապրելու մեր կամքն ու կորովը»,-նշեց մարզպետը:

 

 

 

Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց նաեւ համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ բանակային ստորաբաժանումների եւ Գավառի պետական համալսարանի հետ: Բայց առավելապես պետք է հագեցած միջոցառումներ կազմակերպել հանրակրթական դպրոցներում: «Պետք է յուրաքանչյուր հայ երեխա հստակ պատկերացում ունենա, թե ինչ է կատարվել իր նախնիների, իր պատմական հայրենիքի հետ, ինչ արհավիրքից է վերապրել ու ծնունդ առել Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, մատաղ սերնդին պետք է ավելի շատ ներարկել ինքնապաշտպանական ոգի ու գաղափարներ, հայրենասիրություն:

 

 

Ամեն մի գաղափարապես հագեցած միջոցառում կարող է նույնիսկ ուսման մեջ աչքի չընկնող երեխայի մեջ եղանակ ստեղծել՝ նրան մղելով սովորելուն, Հայոց ցեղասպանության մասին նոր բաներ իմանալուն, հայրենասիրական ձգտումներին»,-կարծիք հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը նաեւ ցուցում տվեց հանրակրթական բոլոր հաստատություններում անցկացնել հատուկ դասաժամ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական հռչակագրի ընթերցմանը եւ մեկնաբանմանը:

 

 

Խոսրով Խլղաթյան