Իրաքյան ուժերը շիա խմաբովորումների հետ միասին վերահսկողություն են հաստատել Թիքրիթ քաղաքի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Իլմ գյուղաքաղաքի կենտրոնի վրա, որն Իրաքի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնի ծննդավայրն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այն համարվում էր ԻՊ-ի վերջին հենակետը Թիրքիթ քաղաքի մերձակայքում:

 

 

Ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները շարունակում են թաքնվել գյուղաքաղաքի հյուսիսային հատվածների տներում, սակայն բանակը և շիա խմբավորումները շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել գյուղաքաղաքի մնացած մասը գրավելու համար: Դիպուկահարները և ծուղակները դանդաղեցնում են իրաքյան ուժերի առաջնընթացն՝ ամբողջովին հսկողություն հաստատելու համար գյուղաքաղաքի բոլոր հատվածների վրա: Ցամաքային ուժերն սպասում են օդային ուժերի աջակցությանը:

 

 

Թիքրիթի ազատագրման ռազմական գործողությունները սկսվել են նախորդ շաբաթվա ընթացքում: Ահաբեկիչները խոշոր վնասներ են կրել: Մյուս կողմից, նրանք հավելյալ ուժեր են ուղարկել Թիքրիթ:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: