Միջազգային դաշինքը հայտարարել է, որ փակվել է Սիրիայի և Իրաքի միջև ճանապարհը, որն «Իսլամական պետության» ապստամբներն օգտագործում էին իրենց ուժերի տարածման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճանապարհը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելյան Թել Համիս շրջանում, որտեղով ահաբեկիչներն իրենց ուժերն էին ուղարկում դեպի Թելաֆար և Մոսուլ քաղաքներ:
Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, 6 օր շարունակվող բախումների արդյունքում քրդական ինքնապաշտպանական ուժերը վերահսկողություն էին հաստատել Հասաքե մարզի Թել Համիս գյուղաքաղաքի վրա:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, ԻՊ-ի ահաբեկիչների ինն անդամ են սպանվել իրար դեմ փոխհրաձգության հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել սիրիական ալ Բաբ քաղաքի մերձակայքում: Նրանցից հինգն օտարազգիներ են, ովքեր որոշել են վերադառնալ իրենց հայրենիքը: Ահաբկիչների խումբը փորձել է Թուրքիայի տարածք մտնել և այնտեղից ուղևորվել հայրենիք: Սակայն դա նրանց չի հաջողվել, արդյունքում ահաբեկիչները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Մի քանի ողջ մնացած ահաբեկիչներին տեղափոխել են ԻՊ-ի հսկողության տակ գտնվող բանտ:
«Իսլամական պետություն» կազմակերպության շարքերում, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, հաշվվում են մոտ 3,5 հազար ապստամբ այլ երկրներից: The Wall Street Journal-ի տեղեկություններով, արտասահմանցի կամավորները, ովքեր մտել են ԻՊ-ի կազմի մեջ, ամսական ստանում են 800 ԱՄՆ դոլար, իսկ սիրիացի ապստամբները՝ 2 անգամ ավելի քիչ:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: