Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում' Ներքին գործերի նախարարության շենքի մերձակայքում, մարտի 12-ին ուժգին պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատճառած վնասների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Միայն տեղեկություններ կան, որ նյութական վնասներ է կրել մոտակայքում գտնվող ոստիկանական բաժանմունքը:
«Իսլամական պետության» կողմնակիցները Twitter-ի էջում հայտարարել են, որ իրենք են իրականացրել պայթյունը: Ծայրահեղականները հրապարակել են ահաբեկչության լուսանկարը:
Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից 4 տարի անց երկիրը շարունակում է մնալ քաոսային վիճակում: ԻՊ ծայրահեղական կազմակերպությունը, որը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, այժմ սպառնալիք է ներկայացնում նաև Լիբիայի համար: