Եմենի ընդդիմությունն իր ուժերն ուղղում է դեպի երկրի տնտեսական մայրաքաղաք Ադեն, որտեղ այժմ գտնվում է նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղափոխման համար օգտագործվում է ռազմական ավիացիան: Տեղեկությունների համաձայն՝ հատուկ նշանակության ջոկատները և անվտանգության ուժերը ժամանել են Թաիզ քաղաքի միջազգային օդանավակայան, որը գտնվում է Ադեն և Սանա քաղաքների միջև: Ռազմական ուժերն այնտեղից ուղևորվել են Ադեն՝ համալրելու ընդդիմադիր ուժերի շարքերը:
Երկրում իշխանությունն այժմ գտնվում է շիաների ձեռքում:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները ստիպել են երկրի նախագահին և վարչապետին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն են վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվե լ էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին համարվում է երկրի գործող նախագահը: