Իսպանական «Gentiuno» պարբերականում մարտի 12-ին տպագրվել է հայտնի լրագրող Ռիկարդո Անգոսոյի «Թուրքիա. մի հատված, որ չի տեղավորվում Արևմուտքում, սակայն որի կարիքն ունեն Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի գործընկերը» վերնագրով հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև' զգալի կրճատումներով:

 

 

«Վերջին տարիներին Թուրքիան նշաններ չի տվել, թե ցանկանում է առաջընթաց գրանցել հակամարտությունների կարգավորման գործընթացում իր հարևանների հետ, իսկ ներկայիս առաջնորդ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում է ավելի շատ ազգայնական, քան իր նախորդներից որևէ մեկը:

 

 

Բավական է պարզապես նշել քրդական խնդիրը, որը, ձգվելով ավելի քան երեք տասնամյակ և մոտ 50.000 մարդկային կյանք խլելով, մնում է չլուծված և թուրքական պետության ու Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից առանց որևէ ստորագրված համաձայնագրի: Թուրքիան շարունակում է օկուպացնել Կիպրոսի տարածքի 37%-ը, ուր ապօրինաբար ներխուժել է և չի ցանկանում Նիկոսիայի հետ բանակցել' խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար:

 

 

Եվ վերջապես, Թուրքիան հրաժարվում է ճանաչել թուրքական իշխանությունների կողմից XIX-րդ դարի վերջերից մինչև 1923 թվականն իրագործված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում շուրջ երկու միլիոն հայ է սպանվել:

 

 

Դեռևս ներկա թուրքական բիրտ ազգայնականության ևս մեկ օրինակ. Թուրքիան ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները (1915-2015թթ.), որոնք տեղի կունենան Երևանում այս տարի' ապրիլի 24-ին' փորձելով նույն օրը նշել իր հաղթանակը Գալիպոլիի ճակատամարտում: Բավական վատ և ցավալի փաստ:

 

 

Խնդիրն այն է, որ նոր Թուրքիան հիմնադրվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Օսմանյան կայսրության ավերակների վրա, մոնոէթնիկ հիմունքներով՝ բացառելով կապը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հետ, ժողովրդավարության դեֆիցիտի և հարևանների նկատմամբ հ ստակ զավթողական մոտեցմամբ:

 

 

Ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են գերակա մնալ թուրքական քաղաքականության որոշակի միջավայրում, և սա է, որ խանգարում է հարևանների հետ կապված խնդիրների լուծման առաջընթացին և Թուրքիային, վերջիվերջո, դարձնում տարածաշրջանային անկայունության մի էլեմենտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում: