Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում այսօր հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: 60 կգ քաշային կարգում Տարոն Կարապետյանը վստահ հաղթանակ տոնեց Ավետիք Մարկոսյանի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը դժվարին պայքարում հաղթեց Սամվել Մելիքյանին: Հետաքրքիր մենամարտ ստացվեց Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արման Սանոսյանի և դինամոյական Արթուր Վարդանյանի դիմակայությունում: Արթուր Վարդանյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկվեց, բայց հետագայում կարողացավ ուժ գտնել իր մեջ և հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Այս քաշային կարգի վերջին մենմարտում Կարեն Տոնականյանը առվելության հասավ Հայրիկ Նազարյանի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում Մելքոն Մելքոնյանը հաղթեց Վոլոդյա Հայրապետյանին, Լեո Պապյանն էլ ուժեղ գտնվեց Մովսես Թորոսյանի հետ պայքարում: 69 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին նաև գյումրեցի Ռաֆայել Բարսեղյանը և Վանաձորը ներկայացնող Արման Դարչինյանը: 81 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին Նիկոլ Արությունովն ու Արտյոմ Գալստյանը: Արությունովը հաղթեց Մհեր Պողոսյանին, իսկ Գալստյանն առավելության հասավ Վազգեն Շահվերդյանի նկատմամբ: Այս քաշային կարգում չկայացավ 2 մենամարտ : Ռինգ դուրս չեկան Նարեկ Մանասյանն ու Արման Հովհիկյանը , այդ իսկպատճառով կիսաեզրափակիչ անցան նրանց մրցակիցները՝ Տոնական Խաչատրյանը և Հարություն Ավետիսյանը:
Ի տարբերություն մյուս քաշային կարգերի 91 կգ և գերծանր քաշային կարգերում այսօր վիճարկվում էին եզրափակչի ուղեգրերը: 91 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Սերյոժա Հակոբյանն ու Հենրիկ Սարգսյանը, իսկ գերծանր քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ազատ Դավթյանն ու Աղասի Մեհրաբյանը: Վաղը կկայանան մյուս կիսաեզրափակիչները: Մրցումների սկիզբը 13:00-ին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: