Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների բռնկում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի վարակվածության դեպքերն ավելի են մոտ հազարով: Եթե անցած շաբաթ գրանցվել է գրեթե 6000 հիվանդացության դեպք, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 5000: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հանրապետությունը հիմա կարծես սուր շնչառական վարակների բռնկման փուլում է: Համաճարակի առաջացումը և երեխաների շրջանո ւմ վարակվածության նոր դեպքերը կանխարգելելու համար Առողջապահության նախարարությունը առաջարկություն ներկայացրեց Կրթության և գիտության նախարարությունը' ևս մեկ շաբաթով երկարաձգելու գարնանային արձակուրդները»,- ասաց նա' հավելելով, որ շնչառական հիվանդությունների կտրուկ աճը պայմանավորված է սեզոնով:
Ինչպես ամեն տարի այս սեզոնին հիվանդանոցները ծանրաբեռնված են: Մասնագետի խոսքով' հիվանդությունների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում է: Աշխուժացում է նկատվել նաև շտապ օգնության կանչերում: «90 տոկոս դեպքերում շրջանառվում է գրիպի B տեսակը: Շրջանառվում են նաև շնչառական այլ վարակներ և հարուցիչներ, որոնցով էլ պայմանավորված է մեկի մոտ հիվանդացության ավելի թեթև ընթացքը, մյուսի մոտ աչքերի բորբոքումը, երրորդի մոտ երկարատև հազը և ջերմության երկարատև պահպանումը»,- պարզաբանեց Թորոսյանը:
ԱՆ աշխատակիցն «Արմենպրես»-ին նաև հայտնեց, որ հարևան պետություններում արդեն համաճարակի դեպքեր են նկատվել և հավաստիացրեց, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեր հանրապետությունում նման իրադրության կրկնությունից խուսափելու համար: Հիվանդանոցներն օգնություն են ցուցաբերում անխտիր բոլոր երեխաներին, սահմանվել է հսկողություն, օրական կտրվածքով վերլուծվում է իրավիճակը: Նախարարությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հետ' նաև մանկապարտեզների համար որոշում կայացնելու նպատակով :