Սիրիական հակամարտությունն արդեն 4 տարի շարունակվում է, սակայն հակամարտության կարգավորման քաղաքական հեռանկարներ այդպես էլ չեն երևում: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն արաբագետ Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ սիրիական հակամարտության արտաքին խաղացողների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա է բավականին լուրջ հակամարտություն, որը հիմնականում պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով:

 

«Ահ ա այս խնդիրը թույլ չի տալիս, որպեսզի երկրների միջև երկխոսություն սկսվի երկրագնդի վրա առկա այլ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Թեպետ Ռուսաստանը փորձում է որոշակի նախաձեռնողականություն հանդես բերել հակամարտության կարգովարման հարցում: Փետրվար-մարտին Մոսկվայում տեղի ունեցավ սիրիական ընդդիմության հավաք, որի երկրորդ հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին, սակայն այս գործողությունները ձևական բնույթ են կրում, քանի որ որևէ էական ազդեցություն հակամարտության կարգավորման վրա չեն կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պետրոսյանը:

 

Արաբագետի կարծիքով' հակամարտության շրջանակներում գործում է նաև հակաահաբեկչական միջազգային կոալիցիան՝ հանձին Միացյալ Նահանգների, որի գործողություններն ընտրողական են: «Այսինքն, այս կոալիցիան գործողություններ է ծավալում միայն այն տարածքներում, որտեղ ունի շահեր: Ըստ փաստաթղթային ձևակերպումների այն պետք է գործի Սիրիայի և Իրաքի տարածքներում, սակայն մեծ մասամբ գործողությունները ծավալվում են Իրաքի տարածքում: Այսինքն, Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ այնպես, ինչպես կար, իսկ համակարտության կարգավորման հետ կապված կանխատեսումները դրական հույս չեն ներշնչում»,- մանրամասնեց արաբագետը:

 

Արմեն Պետրոսյանն անդրադարձավ նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն ստիպված է բանակցել Բաշար Ասադի հետ: «Այս հայտարարությունը բավականին լայն արձագանք գտավ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ տարածաշրջանում և Սիրիայում: Անգամ Սիրիայի նախագահն արձագանքեց, Թուրքիան և Պարսից ծոցի պետություններն արձագանքեցին: Սակայն այստեղ էլ պետք է ասել, որ այս հայտարարության մեջ որևէ գործնական բան ակնկալել չի կարելի, քանի որ սա ընդամենն ընթացակարգային հայտարարություն էր հետագայում Միացյալ Նահանգների քաղաքականությունը Սի րիայի հակամարտության հարցում ուղղորդելու համար»,- ընդգծեց արաբագետը:

 

Նա նկատեց, որ արդեն 4 տարի է, ինչ Սիրիայի նախագահը հայտարարում էր, որ Սիրիայի իշխանությունները հանդիսանում են հակամարտության կողմ և եթե գնում են բանակցություններ, ապա դրանց պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը:

 

Պետրոսյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ի տվյալներով հակամարտության տարիների ընթացքում զոհվել է շուրջ 220 հազար մարդ, որից մոտ 11 հազարը երեխաներ են: Ավելի քան 4 միլիոն մարդ փախստական է դարձել, որից 2 միլիոնը՝ երեխաներ: 7.5 միլիոն էլ ներքին տեղահանվածներ կան, որից 5 միլիոնը երեխաներ են: