Վաշինգտոնը նախկինի նման անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, այդ թվում' լրագրողների եւ ԶԼՄ-ների ազատությունների հետ կապված իրավիճակի վատթարացմամբ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բերը' այդ կազմակերպության Մշտական խորհրդի' օրերս անցկացված նիստի ելույթում:

 

 

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում կատարել պարտավորությունները եւ հարգել մարդու իրավունքները, այդ թվում' նրանց, ովքեր աշխատում են ԶԼՄ-ներում, որպեսզի նրանք, չվախենալով բռնաճնշումներից, ազատորեն արտահայտեն իրենց հայացքները», -նշել է դեսպանը:

 

 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի վերջին մամուլի տեղեկագրերը եւս վկայում են Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելու եւ քննադատությունը պատժելու միջոցառումների մասին:

 

 

«Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների տվյալներով' 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ' նվազագույնը 12 լրագրողներ եւ բլոգերներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում: Նրանց թվում է նաեւ հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան», -ասել է դեսպան Բերը: