Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արցախի պետական համալսարան: Նա նախ ծաղիկներ է դրել արցախյան ազատամարտի տարիներին բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

 

 

Հանդիպման մեկնարկին նախարար Աշոտյանը խոսել է Հայաստանի և Արցախի միջև վերջին տարիներին ծավալված կրթական համագործակցության կարևոր ձեռքբերումների մասին, ինչպես նաև ներկայացրել կրթության և գիտության ոլորտում հետագա համագործակցության իր տեսլականը, որը ներառում է նաև Արցախի կրթական համակարգի միջազգային ներգրավման անհրաժեշտությունը: Նախարարն առանձնահատուկ շեշտել է երկու կողմերի միջբուհական համագործակցության զարգացման կարևորությունը և նախանշել այդ ուղղությամբ համագործակցելու մի շարք ուղղություններ:

 

 

Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին: