Ադրբեջանական բանակը հայտնել է զինծառայողի հերթական կորստի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է moderator.az լրատվական կայքը:
Հղում կատարելով սեփական աղբյուրներին, կայքը հայտնում է, որ Ջալիլաբադում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից արձակված գնդակի հրազենային վիրավորումից զոհվել է Թովուզից զինծառայության կանչված Սամարխան Էթիբար օղլու Յուսիֆովը (ծնվ. 1995 թ.):
Կայքը գրում է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել միջադեպը:
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն' այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա ծագած արտակարգ դեպք, կամ ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 12 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով' նրանցից 9-ը մահացել են մարտական պայմաններում:
Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 60 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր: