Սիրիացի զենիթայինները Հալեպ քաղաքի հյուսիսում հետախուզական անօդաչու օդանավ են խոցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, թռչող սարքավորումը նկատվել և խոցվել է Դուեյր ազ Զեյթուն շրջանի օդային տարածքում:

 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ օդանավը պատկանում է թուրքական օդային ուժերին:

 

Ավելի վաղ՝ մարտի 17-ին, սիրիական ուժերը Լաթաքիայի ծովային նավահանգստի շրջանում ամերիկյան անօդաչու օդանավ էին խոցել:

 

Սիրիական բանակը թեժ մարտեր է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ Իդլիբի մարզում՝ կասեցնելով նրանց մի քանի ուղղություններով հարձակումները: Իդլիբի շրջանում հիմնականում պայքարն ընթանում է «Ջաբհա ան Նուսրա», «Ահրար աշ Շամ» և «Ջունդ ալ Ակսա» ծայրահեղական խմբավորումների դեմ:

 

Իդլիբ քաղաքի ծայրամասերում բախումների ժամանակ երկու կողմերը կորուստներ են կրել: Քաղաքի բնակելի թաղամասերը կրակի տակ են հայտնվել, ինչի հետևանքով ավելի քան 15 խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, թուրքական սահմանից մեծ թվով ապստամբներ են վերջին օրերին հայտնվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Նրանց գլխավոր բազան Ջաբալ Աքրադի շրջանն է, որը գտնվում է Իդլիբի և Լաթաքիայի միջև: Ռազմական գործողություններին մասնակցել են նաև սիրիական օդային ուժերը, որոնք ոչնչացրել են դեպի Իդլիբ ուղղվող զինյալների շարասյունը, ինչպես նաև մի քանի զինպահեստներ:

 

Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 220 հազար մարդ: