Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բազմամարդ էր…Կարեն Ջանիբեկյանի երկրպագուներն ու վաստակը գնահատողները եկել էին վերջին հրաժեշտը տալու 77-րդ տարում կյանքից հեռացած ՀՀ ժողովրդական արտիստին, սիրված դերասանին: Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը Կարեն Ջանիբեկյանին բնորոշեց որպես հայ թատրոնի բազմագույն և բազմաժանր դերասան:
«Հրաժեշտ ենք տալիս ամենաանկրկնելի տեսակներից մեկին, որը չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ղազանչյանը՝ վերհիշելով Ջանիբեկյանի կերտած դերերը :
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանը վերհիշեց, որ Ջանիբեկյանը «խենթ էր ու խելառ»: «Նա շատ հետաքրքիր գույն էր և՛ բեմի, և՛կինոյի համար: Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Ցավալի է, որ հիվանդությունը և տարիքը տանում են մարդկանց: Ինձ համար շատ լավ խաղընկեր է եղել, երեք ֆիլմում միասին աշխատել ենք»,-նշեց Ղուկասյանը:
Կարեն Ջանիբեկյանին հրաժեշտ տվեցին ծափահարությունների ներքո:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, հետևաբար տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967 թ.' Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել է իր տեղը զբաղեցնել թատրոնի շնորհալի անհատականությունների կողքին, ինքնատիպ դերակատարումներով հանդես եկել «Մայրամուտից առաջ», «Ծիրանի ծառ», «Հաջի Փայլակ» և այլ ներկայացումներում:
Մի կարճ շրջան հեռանալով թատրոնից՝ Կարեն Ջանիբեկյանը մոտ երեք տասնյակ դեր է խաղացել հայկական հեռուստաթատրոնում՝ էկրան բերելով սոցիալական նոր ու ինքնատիպ հերոսի, պատկերել մեծ ողբերգությունների միջով անցած անձանց, ուրույն հոգեբանական մեկնաբանություններով ներկայացրել նրանց ճակատագրերը: 1982-ից Կարեն Ջանիբեկյանը վերադարձել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև իր կյանքի վերջը:
Թատրոնում ստեղծած նրա կերպարներն աչքի էին ընկնում ազգային նկարագրով, բնավորության բացառիկությամբ, հոգեբանական բազմաշերտ ընդգծումներով: «Մոլիերի կյանքը», «Հացավան», «Սերը ծփիների տակ» և այլ բեմադրություններում, նրա ստեղծած կերպարները հարստացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը, երևակել Կարեն Ջանիբեկյանի դերասանական հարուստ հնարավորությունները, արտահայտչական առանձնահատկությունները:
1961 թվականից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում' «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն:
Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնի առաջին անուններից էր: Նա դերակատարումներով հանդես է եկել նաև «Մետրո» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում: Մասնակցել է ռադիոթատրոնի բազմաթիվ բեմադրությունների, ստեղծել մենաներկայացումներ, ինչպես նաև հիմնադրել անտրեպրիզային թատերախումբ:
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ Ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.' ՀՀ ժողովրդական արտիստի կոչումներին: Դերասանի աճյունն ամփոփվեց Երևանի քաղաքային պանթեոնում: