Գերմանիայի դրոշները երեք օր կխոնարհվեն ի նշան սգո Germanwings գերմանական ավիաընկերության ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի համար, որը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել է դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

 

 

«Դաշնային կառավարության որոշմամբ պետական դրոշները կխոնարհվեն մարտի 25-27-ը»,- գրել Է Զայբերտը Twitter-ի միկրոբլոգում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, Եվրոպայում մարտի 25-ից եռօրյա սուգ է հայտարարված Ֆրանսիայում A320 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: «Եվրահանձնաժողովի շենքերի մոտ դրոշները կխոնարհվեն երեք օր՝ սկսած մարտի 25-ից: Եվրահանձնաժողովը սգում է բոլոր երկրների ժողովուրդների հետ միասին: Եվրոպան սգի մեջ է»,- ասել է նա:

 

 

Եռօրյա սուգ է հայտարարվել նաև Իսպանիայում:

Գերմանական Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ընթանում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվևշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:

 

 

Նախնական տվյալների համաձայն՝ կործանված ինքնաթիռում եղել են Բելգիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների հպատակներ, ինչպես նաև Գերմանիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Դանիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: