Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի Չերնոգորիա-Ռուսաստան հանդիպումն ընդհատվել է երկրպագուների պատճառով: Խաղը ևս մեկ անգամ ընդհատվել է հանդիպման երկրորդ խաղակեսում և որոշվել է այն այլևս չշարունակել:

 

Խաղի 66-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը չի իրացրել 11 մետրանոց հարվածը: Դրանից հետո ֆուտբոլիստներից մեկի ուղղությամբ անհայտ իր է նետվել: Խաղացողն այդ մասին տեղեկացրել է մրցավարին՝ Դենիզ Հայթեքին, և վերջինս որոշել է վերջնականապես ընդհատել հանդիպումը:

 

Հավաքականների միջև հանդիպումն առաջին անգամ ընդհատվել է հենց սկզբում. Չերնոգորիայի երկրպագուներից մեկի նետած ճայթրուկը դիպել է ռուսների դարպասապահ Իգոր Ակինֆեևին, ինչի հետևանքով դարպասապահը հայտնվել է խոտածածկին: Բժիշկները ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն են ցույց տվել, ինչից հետո տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ակինֆեևի մոտ ախտորոշել են պարանոցի այրվածք և ուղեղի ցնցում: Մարզիկի ուղղությամբ ճայթրուկ նետած երկրպագուն ձերբակալվել է: 

 

40 րոպե անց ՈւԵՖԱ-ի պատվիրակությունը թիմերի ներկայացուցիչների հետ համատեղ որոշել է շարունակել խաղը: Ինչպես հայտնել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, այդ որոշման վրա անձամբ ազդել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

 

Խաղի վերսկսումից հետո, մարզադաշտի մեկնաբանը երկրպագուներին զգուշացրել է, որ եթե այդ միջադեպը կրկնվի, ապա դա մեխանիկորեն կհանգեցնի հանդիպման ավարտին: Թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն Չերնոգորիայի նկատմամբ, առայժմ հայտնի չէ: Երնթադրվում է, որ նվազագույնը Չերնոգորիայի հաշվին տեխնիկական պարտություն կգրանցվի: