Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի երկու աշակերտ հրավեր են ստացել ֆրանսիական Դրագինյան քաղաքի քաղաքապետ Ռիշար Ստրամբիոյից՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մասնակցելու ապրիլի 24-ին նույն քաղաքում կայանալիք Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Եվա Փարսադանյանը, ապրիլի 24-ին Դրագինյան քաղաքում կազմակերպվող Հայոց ցեղասպանության տարելիցի եւ ֆրանսախոսության տարածման միջոցառումներին քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետությունից հրավիրվել են 11 աշակերտ եւ ուղեկցող երկու ուսուցիչ: 11 աշակերտից 2-ը ներկայացնելու են Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

 

«Ֆրանսիա մեկնելու համար մեր կողմից նախապատվությունը տրվել է տասներորդ դասարանցի Մերի Աբրահամյանին եւ հինգերորդ դասարանցի Հայկ Հունանյանին, ովքեր ֆրանսերենի իմացությամբ աչքի են ընկել տարբեր միջդպրոցական մրցումներում: Մնացած ինը աշակերտը ներկայացնելու են մայրաքաղաք Երեւանի դպրոցները: Հրավերը, ինչպես նաեւ ապրիլքսանչորսյան միջոցառումները Դրագինյան քաղաքում նախաձեռնող ու նախապատրաստող մեր հայրենակիցները՝ Ժերար Տավիտյանը, Ժերար Այվայանը եւ Պատրիկ Ապելյանը, արել ու անում են հնարավորը՝ Հայաստանի պատվիրակությանը հավուր պատշաճի հ յուրընկալելու համար»,-նշեց Եվա Փարսադանյանը: Պատվիրակությունը Դրագինյան քաղաքում կհյուրընկալվի ապրիլի 20-27-ը: Այդ ընթացքում մեր դպրոցականները կմասնակցեն ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին, այլ նաեւ կշփվեն ֆրանսիացի դպրոցականների՝ զարգացնելով իրենց ֆրանսերենի իմացությունը, կենդանի խոսքը, ձեռք բերելով նոր բարեկամներ: