ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են այս տարվա վերջին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

 

«Համանախագահներն իրենց եռամսյակային հանդիպումն են անցկացրել Մինսկի խմբի անդամների հետ Վիեննայում մարտի 31-ին: Նրանք գնահատականներ են տվել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայքով ընթացիկ լարվածության բարձրացմանը և կարևորել վերջին ժամանակաշրջանում կողմերի հետ իրականացվող իրենց դիվանագիտական ջանքերը: Համանախագահները քննարկել են նաև այս տարվա վերջին նախագահների հանդիպման հնարավորությունը եւ անհրաժեշտությունը, որ կողմերը ներգրավվեն բանակցություններում, որը կարող է հանգեցնել համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը»,-նշեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

 

Վիեննայում կայացած հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահները նաև ընդգծել են Մինսկի խմբի անդամների ու ԵԱՀԿ անդամ պետությունների դերը, որ կարող են ունենալ ժողովուրդների միջև խաղաղության և վստահության հաստատման գործում: