Ադրբեջանի դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի մեջ մտնող ընդդիմադիր ուժերը երեկ Բաքվում «Վերջ կողոպուտին» կարգախոսով երկրորդ բազմահազարանոց հանրահավաքն են անցկացրել վեջին մեկ եւ կես ամսվա ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, «Մահսուլ» մարզադաշտում անցկացված հանրահավաքին մոտ 10 հազար մարդ է մասնակցել: Հանրահավաքն ուղղված է եղել իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ, որը հանգեցրել է ազգային արժույթի էժանացման, բնակչության լայն շերտերի կտրուկ աղքատացման, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում ձախողման եւ կոռուպցիայի:

 

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում նշել է, որ իշխանությունները շարունակում են արհամարհել քաղաքացիների օրինական շահերը, տնտեսությունը նախկինի պես մենատերերի ձեռքում է, կոռուպցիան հանդիսանում է կառավարության գլխավոր սկզբունքը:

 

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիրը ելույթում ընդգծել է, որ իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է սոցիալական պայթյունի Ադրբեջանում: Քերիմլիի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է «Հրաժարական», «Ո՛չ կողոպուտին», «Պայքա՛ր մինչեւ վերջ» լոզունգներով:

 

Ելույթ ունեցողները քննադատել են հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների ակտիվիստներին, իրավապաշտպաններին լռեցնելու, ահաբեկելու եւ ճաղերի հետեւ նետելու իշխանությունների քաղաքականությունը, եւ կոչ արել չդադարեցնել հանուն իրենց քաղաքացիական իրավունքների պայքարը:

 

«Ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ ակցիայի մասնակիցների նպատակներն ու խնդիրները հանդիսանում են պայքարը արդարության համար եւ ստի ու թալանի դեմ:

 

«Անիմաստ ծախսելով նավթադոլարները՝ այս իշխանությունը կարծում էր, թե տնտեսությամբ է զբաղվում: Բայց մանաթի ողբերգությունը ցույց տվեց, որ նրանք էկոնոմիկա չունեն, չունեն ոչ խելք, ոչ էլ իրական ծրագրեր: Մենք պարտավոր ենք ցույց տալ նրանց, որ այս երկրի տերերը մենք ենք' ժողովուրդը, եւ ոչ թե նրանք, ովքեր զավթել են երկիրը», -ասել է նա: