Թուրքիայի Հանրապետությունում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված 6 հայազգի թեկնածուներից ընտրվելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Մարգար Եսայանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց հրապարակախոս և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը:

 

«Այս գործիչը խոսում է հայերեն, ընդգծված հայկականություն ունի, սակայն հարց էˋ արդյոք, լինելով իշխանական թևի ներկայացուցիչ, Եսայանը կարո՞ղ է բացահայտ բարձրաձայնել ցեղասպանության խնդիրը: Միաժամանակ, հստակ կարող ենք ասել, որ 2015 թվականի հունիսի ընտրություններին իշխանական թևից կընտրվի հենց Մարգարյանը»,- նկատեց բանախոսը:

 

Ընտրվելու հավանականություն ունեցող մյուս թեկնածուն, փորձագետի գնահատմամբ, «Հանրապետա-ժողովրդական» կուսակցության առաջադրած Սելինա Օզուզունն է: Ի տարբերություն Մարգարյանիˋ Օզուզունը անկաշկանդ կարող է խոսել Ցեղասպանության մասին:

 

Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջադրած չորս թեկնածուներից ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի Կարապետ Պայլանը: Խորհրդարանում ներկայացված լինելու համար այդ կուսկացությունը պետք է ապահովի անցողիկ 10 տոկոսի շեմը:

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցեն Թուրքիայի 53 միլիոն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենան 2 միլիոն 867 հազար 658 մարդ:

 

Հաղթելու ամենամեծ հավակնություններն ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԺԿ), ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուների, ընդ որում արել են դա Ստամբուլի ընտրատեղամասերում: Իշխող ԱԶԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն հայտնի պոլսահայ լրագրող, գրող Մարգար Եսայանն է, ով ժամանակին զբաղեցրել է նաև «Թարաֆ» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը: Քրդամետ ԺԴԿ-ն առաջադրել է Կարապետ (Կարո) Պայլանին, ով Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող հայկական դպրոցի ղեկ ավարն է և մեծ հեղինակություն է վայելում Պոլսի հայ համայնքում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջադրած թեկնածուն պոլսահայ իրավաբան Սելինա Դողանն է, ով Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում իր կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին տեղում է: