Թուրքիայի Մարդին նահանգից ընտրված անկախ, ազգությամբ քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքը հայտարարել է, որ 1915 թ.-ին քուրդ ժողովուրդն էլ հայերի դեմ դաժան է վարվել, ինչի համար ինքը ներողություն է խնդրում. տեղեկացնում է «Ակօս»-ը։
«Մենք, որպես նրանց զավակներ և թոռներ, ներողություն ենք խնդրում»,-ասել է Թուրքը, և նշել, որ իր օրինակին պետք է հետևի նաև Թուրքիան և ներողություն խնդրի հայ, ասորի և եզդի ժողովուրդներից։
Նա նշել է, որ 1915թ.-ին հայերը շատ ցավեր են տեսել։ Նա հայտարարել է, որ 1915թ.-ին քրդերն օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների դեմ կոտորածներ իրագործելու համար։
«1915թ.-ին հայերը շատ ցավեր են տեսել։ Դրանում քրդերն էլ իրենց բաժինն ունեն։ Թե՛ հայերի, թե՛ եզդիների, թե' ասորիների դեմ մեր պապերը, հայրերն օգտագործվել են։ Նրանց ձեռքերն էլ արյունոտ են։ Մենք, որպես նրանց զավակներն ու թոռները, ներողություն ենք խնդրում։ Ներում ստանալն իմ կարծիքով կարևոր է։ Թուրքիան էլ պետք է հայերից, եզդիներից և ասորիներից ներողություն խնդրի։ Եթե այդ դեպքերը մինչև հանրապետության ստեղծումն են տեղի ունեցել, ապա ի՞նչն է խանգարում»,- ասել է նա։