Բրիտանական The Telegraph պարբերականը կազմել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքների ցանկը, որտեղ ներառված է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը շեշտում է, որ աշխարհի բազմաթիվ հնագույն քաղաքներ, որոնք գտնվում են Մերձավոր Արեւելքում, ներկա դրությամբ անհասանելի են զբոսաշրջիկների համար, մինչդեռ Եվրոպայի բազմաթիվ հին քաղաքներ ոչ միայն գրավիչ են, այլեւ բաց հյուրերի համար:
Խոսելով Երեւանի մասին՝ հոդվածագիրը նախ շեշտում է, որ այն կառուցվել է մ.թ.ա 782 թվականին՝ Հռոմից ավելի քան 30 տարի առաջ: «Քաղաքը, որ ներկա դրությամբ Հայաստանի մայրաքաղաքն է, դարեր շարունակ կարեւոր կանգառ է հանդիսացել Ասիայից Եվրոպա ուղեւորվող քարավանների համար: Երեւանը զավթել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլներն ու թուրքերը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի մայրաքաղաքը մշակութային զարգացում է ապրում. այստեղ են գտնվում բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ: Թեպետ դանդաղ, սակայն զբոսաշրջությունը նույնպես զարգանում է: Բազմաթիվ տուրիստական օպերատորներ առաջարկում են էքսկուրսիաներ՝ տեսարժան վայրերով գիդերի ուղեկցությամբ»,- ասված է հոդվածում:
Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում նշվում են Աթենքը, Զադարը, Մցխեթին, Կադիսը, Լիսաբոնը, Լառնական: