Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին նախկինում արած իր հայտարարությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Ղազախստան մեկնելուց առաջ Անկարայի Էսենբողա օդանավակայանում կազմակերպած մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ «իրենց վրա ցեղասպանության բիծ եւ ստվեր գոյություն չունի», եւ «Թուրքիան նման պատասխանատվություն երբեք չի ընդունելու»:
Լրագրողների այն հիշեցմանը, թե Եվրոխորհրդարանը պատրաստվում է այսօր որոշում ընդունել Հայոց ցեղասպանության մասին, եւ թե ի՞նչ է պատրաստվում անել Անկարան, Էրդողանն ասել է, որ չգիտի, թե ինչ որոշում կընդունվի:
«Չգիտեմ ինչ որոշում կընդունվի, սակայն հավատացած եմ, որ որպես նախագահ պաշտպանվելու հոգս չունեմ: Թուրքիայի վրա ցեղասպանության բիծ եւ ստվեր չի կարող լինել: Ինչ որոշում էլ որ ընդունեն, այն ոչ մի նշանակություն չի ունենալու մեզ համար», -ասել է նա:
Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ժամանակավորապես բնակվող հայաստանցիների մասին: Նա ասել է, որ իբր, ներկայում մոտ 100 հազար քաղաքացի հանդիսացող եւ չհանդիսացող հայեր են բնակվում իր երկրում, որոնց նկատմամբ ոչ մի խտրականություն չի ցուցաբերվում:
«Մենք կարող էինք քաղաքացի չհանդիսացող հայերին արտաքսել երկրից, սակայն չարեցինք: Մենք դեռեւս նրանց հյուրընկալում ենք մեր երկրում: Հնարավոր չէ հասկանալ նման վերաբերմունք ցուցաբերող երկրի նկատմամբ այդ դիրքորոշումը», -ասել է Էրդողանը' անուղղակիորեն սպառնալով, որ կարող է արտաքսել Թուրքիայում ժամանակավորապես բնակվող հայաստանցի հայերին, որոնց թիվը չի գերազանցում 5-6 հազարը (Թուրքիայում քաղաքացի համարվող 60 հազար հայ է բնակվում):
Էրդողանը հիշատակել նաեւ, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգել են պետբյուջեի հաշվին' մոռանալով նշել Ցեղասպանության տարիներին հազարավոր հայկական եկեղեցիների ավերվելու մասին: