Այսօր Ծիծեռնակաբերդում բացվեց «Յուքոմ» աշխատակիցների կողմից հիմնադրված «Հիշատակի» ծառուղին: Ծառուղին ձգվում է Ցեղասպանության թանգարանի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև դեպի Մարզահամերգային համալիր տանող պուրակի երկայնքով: Ընդհանուր առմամբ տնկվել է 999 ծառ:

 

Ինչպես լրագրողների հետ խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը՝ «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հազարավոր հյուրեր այցելելու են Ծիծեռնակաբերդ, հարյուրավոր միջազգային պատվիրակություններ ծաղիկներ են դնելու Եղեռնի զոհերի հիշատակին:

 

Դեռևս մեկ տարի առաջ մենք նախաձեռնեցինք Recognize1915.am նախագծը, որի նպատակն է ամբողջ աշխարհին ծանոթացնել, տեղեկացնել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ նույն՝ Recognize1915 նախագծի շրջանակներում այսօր «Յուքոմի» աշխատակիցների ջանքերով հիմնվում է ծառուղի Ցեղասպանության թանգարան տանող ճանապարհի երկայնքով: Տնկվել է 999 ծառ, «Յուքոմի» յուրաքանչյուր աշխատակից սրանով իր հարգանքի տուրքն է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, չէ՞ որ ծառը կյանքի, հույսի, ապագայի նկատմանբ հավատի խորհրդանիշն է»:

 

Հիշեցնենք, որ «Ճանաչեք 1915» նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին' Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաև տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին: