«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ոչնչացրել են քրիստոնյաների գերեզմաններն Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ների հետազոտության ինստիտուտի գործադիր տնօրեն Սթիվեն Ստալինսկիին:
««Իսլամական պետության» կողմից ապրիլի 16-ին Մոսուլի գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանների ոչնչացումը Մերձավոր Արևելքում և ամբողջ մուսուլմանական աշխարհում քրիստոնյաների դեմ կազմակերպված արշավի մի մասն է»,- նշել է Ստալինսկին:
Նշվում է, որ գերեզմանաքարերի ոչնչացման գործընթացը գրոհայինները նկարահանել են: Բացի այդ, իսլամիստները տարածել են տեսաուղերձ, որում բացատրել են իրենց գործողությունները Մուհամմեդ մարգարեի հադիսով: Գրոհայինների կարծիքով՝ երկրի վրա գտնվող յուրաքանչյուր գերեզման պետք է ոչնչացվի: