Նավթի համաշխարհային գների էժանանալու հետ կապված՝ Ադրբեջանում արտահանումը խիստ նվազել, ներմուծումն աննախադեպ աճել է: Ադրբեջանի մաքսային կոմիտեի կողմից 2015 թվականի առաջին եռամսյակի վիճակագրության համաձայն' 2015 թվականի առաջին երեք ամսում, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, արտահանումը 37,07 տոկոսով նվազել, իսկ ներմուծումը 37,66 տոկոսով աճել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ի հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության գծով փորձագետ Վահիդ Մահառամովը:

 

Նրա խոսքով, ամենավատն այն է, որ այս տարվա առաջին երեք ամսում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 19,64 տոկոսով աճել է Ադրբեջան ներկրվող պարենային ապրանքների ծավալը:

 

«Այս ցուցանիշներում վատն այն է, որ ներկրվող ապրանքների մեջ տեղ են գտել ռազմավարական նշանակության պարենային ապրանքները եւ գյուղատնտեսական արտադրանքը: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 73,76 տոկոսով աճել է հատիկազգիների ներկրուման ծավալը, այդ թվում' 68,97 տոկոսով մեծացել է հիմնականում հացի եւ հացամթերքների արտադրության համար նախատեսված ցորենի ներկրումը, 10,12 տոկոսով' մսի, ինչպես նաեւ 56,97 տոկոսով' մորթի համար կենդանի անասունների ներկրումը, 12,66 տոկոսով' հավի ձուն, բնական մեղրը, 6,2 տոկոսով' կաթի, 48,43 տոկոսով' կարագի, 194,07 տոկոսով պտուղ- բանջարեղենի, 28,11 տոկոսով' տարբեր պարենամթերքների ներկրումը», -նշել է փորձագետը: