Միջազգային մամուլն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2008թ. որպես սենատոր ու նախագահի թեկնածու տված խոստումը: Ամերիկյան լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից արձանագրում են, որ Օբաման այդպես էլ նախագահության տարիների ընթացքում չկատարեց խոստումը: 

 

 

Սպիտակ տունն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը` խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: «Սպիտակ տունը կոչ է արել Հայոց ցեղասպանության «լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչմանը», սակայն հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից»,- գրում է «The New York Times» թերթը:

 

 

Թերթը հիշեցնում է 2008 թվականի քարոզարշավը, երբ Բարաք Օբաման խոստացավ օգտագործել «ցեղասապնություն» բառը և հասավ մինչև Սպիտակ տուն, սակայն նախագահության տարիների ընթացքում այդպես էլ չկատարեց իր խոստումը` «վախենալով բարկացնել Թուրքիային»: «The New York Times» թերթը գրում է, որ ի տարբերություն Օբամայի, վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածներն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», իսկ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց` կոչ անելով Թուրքիային «հաշվի նստել իր անցյալի հետ»:

 

 

 

Ամերիկյան մեկ այլ պարբերական «The Huffington Post»-ը հրապարակել է Լորի Ջանջիգյանի բաց նամակը` ուղղված նախագահ Օբամային: Նամակում մեջբերում է արված Բարաք Օբամայի 2008 թվականի ճառից, որտեղ Օբաման ասում է, որ «հայերի ցեղասպանությունը ոչ թե անձնական կարծիք կամ ընդունված տեսակետ է, այլ վավերագրված փաստ, որն ապացուցվում է բազմաթիվ պատմական վկայություններով»: «Որպես սենատոր՝ ես հաստատակամորեն աջակցում եմ Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունմանը և որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- իր նախընտրական ելույթներից մեկում ասել էր Բարաք Օբաման: Բաց նամակում հարց է բարձրացվում, թե «ինչի՞ է սպասում նախագահ Օբաման և ո՞ւր է նրա խոստացած ճանաչումը»: «Մի՞թե Ձեր միակ նպատակը ձայներ հավաքելն էր: Եթե այդպես է՝ դա ձեզ հաջողվել է»,- գրված է նամակում: Ավարտելով միտքը՝ նամակագիրը հիշեցնում է, որ Բարաք Օբամային քիչ ժամանակ է մնում նախագահելու և խորհուրդ տալիս` ժամանակ չկորցնել ու կատարել խոստումը:

 

 

Միջազգային հեղինակավոր CNN հեռուսատալիքն էլ, անդրադառնալով բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը, նշել է, որ Օբաման վախենում է վտանգել Թուրքիայի հետ հարաբերությունները` Մերձավոր Արևելքում աճող անկարգությունների ֆոնին: «Այդ եզրույթը բարկացնում է Անկարային, որը ժխտում է թուրք-օսման ցիների կողմից ցեղապսանության իրագործումը»,- հայտնում է հեռուստաալիքը: