Սիրիայի հարցով խորհրդակցություններին, որոնք կսկսվեն Ժնևում մայիսի 4-ին, կմասնակցի ավելի քան 10 երկիր' ՄԱԿ ԱԽ-ի անդամները և տարածաշրջանի պետությունները, այդ թվում՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նշվում է, որ ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն խորհրդակցություններին տարբեր ժամանակ' մի քանի շաբաթվա ընթացքում: Սիրիայից հրավիրված են կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող Իսլամական Հանրապետությունը ներառվել էր 2014-ի հունվարին «Ժնև-2» համաժողովի մասնակիցների նախնական ցուցակում, սակայն սիրիական ընդդիմության ու նրան աջակցողների ճնշման ներքո հանվել: Այս անգամ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան պնդել է խորհրդակցություններին Թեհրանի մասնակցությունը: