Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիայի» հետ կայանալիք դիմակայությանը և նշել, որ թիմը ցանկանում է հաղթել ոչ թե Գվարդիոլային, այլ Գերմանիայի չեմպիոններին:

«Կարծում եմ՝ Գվարդիոլայի գալուց հետո «Բավարիայի» խաղը փոխվել է: Գվարդիոլան պահպանել է թիմում եղած դրական որակները և ներդրել նաև ինչ-որ բան իրենից: Անխոս, «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է: Մենք չենք մտածում Պեպի նկատմամբ հաղթանակի մասին, մենք ցանկանում ենք հաղթել «Բավարիային»՝ Եվրոպայում մեծ պատմական ժառանգություն ունեցող ակումբին: Ցավոք, մեզանից միայն մեկը կխաղա եզրափակչում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ թիմերի միջև կիսաեզրափակիչ առաջին խաղը կկայանա վաղը: