Արցախի պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելով՝ Ադրբեջանը արտաքին աշխարհին ուղղված քարոզչության նպատակ ունի: Այդ կերպ Ադրբեջանը փորձում է Բաղդասարյանի դեպքը հակադրել Քարվաճառում ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի 2 դիվերսանտների դեպքին: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:

 

«Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մենք ունենք զինծառայող, ով փորձ է արել Ադրբեջանի տարածքում իբր դիվերսիոն գործողություն իրականացնել, և դա հակադրել այն հանցագործներին, որոնք իրականում ԼՂՀ Քարվաճառի տարածքում անօրեն գործունեություն են իրականացրել, անմեղ մարդկանց սպանել: Սա նաև արտաքին աշխարհի քարոզչության նպատակ ունի»,- Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում կայացած միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը: