Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Հերտայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի և Մատս Հումելսի միջև տեղի ունեցած միջադեպը.

«Այդ ամենը մարդկայնորեն կարելի է հասկանալ: Ֆուտբոլը զգացմունքային խաղ է, և ուրախ եմ, որ տղաներն իրենց զգացմունքներն էին ցուցադրում այդ իրավիճակում: Մխիթարյանը փոխանցում չկատարեց և փորձեց գնդակն անցկացնել մրցակցի ոտքերի արանքով: Իհարկե, պաշտպանը դա ճիշտ չհամարեց: Նրանք երկուսն էլ դաստիարակված տղաներ են, ոչ մի վիրավորական բան չեն ասել միմյանց և հանդերձարանում արդեն բոլորովին նորմալ էին զրուցում միմյանց հետ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ խաղից հետո Հումելսը թվիթերյան իր միկրոբլոգում պարզաբանել էր այդ իրավիճակը և նշել, որ խաղից հետո Հենրիխին պարզապես խնդրել է դրիբլինգի չդիմել սեփական կիսադաշտում և որ կողքից ամեն ինչ ավելի կոպիտ էր երևում: