Ունենալով Ուկրաինայի հակամարտությունը հետին պլանում, որտեղ Ռուսաստանը փորձում է ուկրաինացի ժողովրդին խանգարել ազատ ընտրություն կատարել և շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ, Արևմուտքի հետ քայլելիս Հայաստանը կրկին հետ է մնում: Մինչ եվրաատլանտյան հանրությունը գնալով ավելի է անհանգստանում Եվրոպայում հասունացող նոր Սառը պատերազմի պատճառով, և մինչ Ռուսաստանը արևմտյան պատժամիջոցների հետևանքով դեռևս գտնվում է մեկուսացման մեջ, Հայաստանի ղեկավարությունը հրապարակայնորեն վերահաստատում է Մոսկվայի հետ իր արտաքին և տնտեսական համագործակցության ամրապնդումը: Այդ մասին The Daily Caller պարբերականում գրում է Ալեքսանդր Մուրինսոնը:

 

Միևնույն ժամանակ Ադրբեջանը, մի ժամանակ կախված լինելով Միացյալ Նահանգներից` որպես իր արտաքին քաղաքականությանը օժանդակող երկիր, առերեսվում է Օբամայի վարչակազմի թուլությանը, անհետևողական արտաքին քաղաքականությանը և անօգուտ գործողություններին: Այսպիսով՝ Ադրբեջանի նոր իրականությունը ձևափոխելով իր խաղադրույքները՝ վերափոխել է իր արտաքին քաղաքական դիրքերը: Ադրբեջանը իր բազմաթիվ էներգետիկ նախագծերով թեթևացրել է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը և եվրոպական մի շարք երկրների հետ հաստատում է սերտ կապեր: Բացի այդ, Ադրբեջանը կապեր է փնտրում իր հարևանների և դաշնակիցների հետ` ներառյալ Իսրայելի ու Թուրքիայի, իսկ հիմնականում` եվրոպական երկրների:

 

ՆԱՏՕ-ի ամերիկյան հրամանատար, ավիացիայի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի աճող ռազմական ճգնաժամի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշման մասին: Նա մեկնաբանել է, որ Ռուսաստանը և ռուսամետ անջատողականներն օգտվում են վերջին հրադադարից, որպեսզի իրենց դիրքերը վերադասավորեն` Արևելյան Ուկրաինայում նոր հարձակում իրականացնելու նպատակով: Նա նաև հայտնում է, որ ինքը կողմնակից է Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարին, որպեսզի նրանք կարողանան ռուսական հարձակումները ետ մղել: Ինչպես հաղորդում է Washington Times-ը, նա նշել է ՆԱՏՕ-ում ձևավորված կոնսենսուսը, որ Ռուսաստանը չի համարվում գործընկեր, այլ ընդհակառակը՝ իրենից մեծ վտանգ է ներկայացնում՝ իրենց համար հանդիսանալով երկարատև և գլոբալ մարտահրավեր, ոչ թե ժամանակավոր:

 

Գեներալ Բրիդլովը Վաշինգտոնին կոչ է անում խնամքով կշռադատել Ուկրաինային հարձակողական ռազմական տեխնիկա մատակարարելու հարցը, որին նախագահ Օբաման և այլ արևմտյան առաջնորդներ դեռևս հավանություն չեն տվել` այն համարելով սադրիչ:

 

Արևմտյան վճռականության ֆոնին Հայաստանը լինելով ՆԱՏՕ-ի Հանուն խաղաղության գործընկերներից մեկը, տարօրինակ կերպով վերջերս հայտարարել է իր աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը հարմարեցնել ռուսականին` միաժամանակ հաստատելով, որ Ռուսաստանը իր միջազգային հարաբերություններում կարող է վստահ լինել Հայաստանի օժանդակությանը: Նա հավելել է՝ եթե մենք միության անդամներ ենք, մենք, բնականաբար, ստանձնում ենք պարտավորություններ:

 

Հայաստանի նախագահը շեշտել է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է ռուս-հայկական համաձայնություններին և Հայաստանի մասնակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ-ին ընդդիմադիր Ռուսաստանի կազմակերպություն): Հայաստանի արտաքին քաղաքականության այս ուղու հաստատումը ցույց է տալիս, որ Հայաստանը միջազգային ատյաններում հաստատուն կերպով աջակցում է Ռուսաստանին` Արևմուտքից Մոսկվայի աճող հեռանալուն զուգընթաց: Հայաստանը ակնկալում է, որ Ռուսաստանն էլ իրեն կաջակցի Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության հարցում: