Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևի միջոցով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը:

 

Խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու գիտակցմանը»: Նրանք հորդորել են Ռայնլանդ-Պֆալցի կառավարությանն առաջ քաշել նախաձեռնություններ և ծրագրեր 1915-1916 թվականներին դեպքերի և դրանցում գերմանական կողմի պատասխանատվության ստանձնման վերաբերյալ:

 

Թուրքիան' որպես Օսմանյան Կայսրության հետնորդ, հրաժարվում է վայրագությունը ճանաչել որպես Ցեղասպանություն: Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը ևս Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածները Ցեղասպանություն է անվանել: