Ռումինիայի Կլուժ քաղաքի Արվեստի ազգային թանգարանում ռումին դիվանագետ և պատմաբան Դորին Չիմպոեշուն Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչի և պրոֆեսոր Ալեքսանդրու Գիշայի մասնակցությամբ մայիսի 6-ին ներկայացրել է Հայաստանի մասին պատմող իր հուշերի աշխատությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դորին Չիմպոեշուն, որ 2002-2005թթ. դիվանագիտական ծառայության մեջ է եղել Հայաստանում, հիմնվելով ձեռքի տակ եղած փաստական նյութերի և դիվանագիտական զեկույցների վրա, Հայաստանի մասին հակիրճ պատմական տեղեկանքից հետո ներկայացնում է այդ տարիների Հայաստանի ներքին կյանքը, ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ Եվրոպական կառույցների դիտարկումները և արձագանքները:

 

 

Աշխատության մեջ ծավալուն տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանությանը և հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ հեղինակն իրադարձություններին զուգընթաց ներկայացնում է կողմերի դիրքորոշումներն ու տեսակետները, ինչպես նաև մասնագիտացված կառույցների և միջազգային հանրության վերաբերմունքը: Հեղինակը գիրքը նվիրել է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին:

 

 

Այս ամենի, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի, հայ-ռումինական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և դրան հակադարձելու Գալիպոլիի միջոցառման մասին հաջորդ օրը Դորին Չիմպոեշուն և պրոֆեսոր Ալեքսանդրու Գիշան զրուցել են Կլուժի Հանրային հեռուստատեսության՝ Կարեն Շեբեշի հեղինակային հաղորդման ընթացքում: Ռումին դիվանագետի մոտ ոչ մի կասկած գոյություն չունի Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի տարածքային, նյութական ու մարդկային կորուստների հարցում:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ հեղինակը վերահաստատել է գրքում արտահայտված կարծիքը. «Ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ոչ միայն ի սկզբանե, այլ շարունակում են մնալ հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու հիմնական խոչընդոտը: Ադրբեջանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական կամ բարոյական տեսակետից չի կարող հավակնություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: