Ադրբեջանի պետական նավթային ընկերության Վրաստանում գործող դուստր ձեռնարկության՝ SOCAR Petrolium Georgia-ի ղեկավար Մահիր Մամեդովը հայտարարել է, որ Վրաստանում կարբամիդի գործարանի շինարարության նախագծի իրագործումը հետաձգվում է մինչև «Շահ-Դենիզ» գազի արդյունահանման նախագծի ավարտը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Թուրան»-ը՝ նշելով, որ Վրաստանում կարբամիդի գործարանի կառուցումը SOCAR-ի կողմից հետաձգվել է՝ կապված նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանում ծագած տնտեսական ճգնաժամի հետ:
«Ադրբեջանում տնտեսական դրությունն այնպիսին է, որ մեզ մոտ որոշակի խնդիրներ են ծագել այդ նախագծի առնչությամբ: Այն հետաձգվել է, բայց չի փակվել», -ասել է Մամեդովը:
Ըստ թերթի՝՝ հիշյալ գործարանը կարող է կառուցվել գազի արդյունահանումից ստացվող եկամուտների հաշվին, քանի որ նավթի էժանացման պատճառով նվազած եկամուտները նախագիծը շարունակելու հնարավորություն այլևս չեն ընձեռնում:
Գործարանի շինարարությունը դադարեցվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը՝ դրա համար որպես պատճառ նշելով, որ վրացական կողմի հետ բանակցությունները «փակուղի են մտել»:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, մեկնաբանելով կարբամիդի գործարանի շինարարության դադարեցումը, հայտարարել է, որ շինարարությունը դադարեցվել է «ֆինանսական տեսակետից ոչ շահավետ լինելու պատճառով»: