Մինչ Ադրբեջանը կառուցում է շքեղ մարզահամալիրներ, երկրում շատ ընտանիքներ ապրում են աղքատության մեջ: Այս մասին է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի հոդվածը, որի հեղինակը նշում է, որ մինչ իշխանությունները մեծ ներդրումներ են կատարում Եվրոպական խաղերը հյուրընկալելու համար, ադրբեջանցիները հարցնում են, թե ով է օգուտ քաղելու այդ ամենից:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հոդվածի հեղինակը ներկայացնում է Գյուլնարա Սուլեյմանովայի և նրա հինգ անձից բաղկացած ընտանիքի պատմությունը, ովքեր ապրում են հաջորդ ամիս կայանալիք Եվրոպական խաղերի համար կառուցված շքեղ մարզահամալիրի հետևում գտնվող վագոնում: Ընտանիքի երկամուտն ամսական 300 ադրբեջանական մանաթ է (շուրջ 282 ԱՄՆ դոլար), որը, ըստ Սուլեյմանովայի, հազիվ է բավականացնում ուտելիքի համար:

 

The Guardian-ը նշում է, որ այս ընտանիքի պատմության կողքին Ադրբեջանի' Եվրոպական խաղերն անցկացնելու հավակնոտ նախաձեռնությունն է, որը ֆինանսավորվում է նավթային Socar ընկերության կողմից: «Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը, ով խաղերի մեծ ջատագովն է, ասում են, որ ներդրել է 6.5 միլիարդ ֆունտ ստերլինգ սպորտային ենթակառուցվածքների և օբյեկտների համար: Կազմակերպիչները նաև վճարում են բոլոր 6000 մարզիկների ճանապարհորդության և բնակության ծախսերը' մի քայլ, որը դատապարտվել է իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որպես մի փորձ կոծկելու երկրի վատ հեղինակությունը մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի հարցում»,- գրում է բրիտանական պարբերականը:

 

Բաքվի բնակչուհի Սուլեյմանովան նշում է, որ իրենց վագոնում ձմեռը ցուրտ է, իսկ ամառը՝ անտանելի շոգ, ջուրը վերցնում են իրենց հարևաններից, իսկ գազն ու էլեկտրականությունն իսկական խնդիր են: Բացի այդ, նրա որդին ունի լսողական, իսկ աղջիկը՝ տեսողական խնդիրներ: Ամեն անգամ, երբ Սուլեյմանովան տեսնում է նորակառույց մարզահամալիր, նա հետաքրքրվում է, թե քանի՞ երեխա կկարողանա այդ գումարներով բժշկական զննում անցնել: «Այդ միլարդավոր փողերից ընդամենը հարյուր մանաթը բավական կլիներ երեխայիս բուժելու համար, սակայն նրանք ինձ չեն տալիս այդ գումարը: Ամեն անգամ, երբ դիմում եմ նրանց, մերժում եմ ստանում»,- պատմել է Սուլեյմանովան' հավելելով. «Նրանք կառուցում են մարզահամալիրներ, ճանապարհներ, բայց ո՞վ է այդ ամենից շահում: Ինչո՞ւ նրանք չեն օգնում երեխաներին: Ինչո՞ւ չեն մտածում, որ կան փոքր երեխաներ, հիվանդ և աղքատ մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում: Ինչո՞ւ չեն օգնում նրանց»,- հարցրել է հուսահատ ադրբեջանուհին: