Թուրքիայի հյուսիսարեւելյան Օրդու եւ Գիրեսուն քաղաքների միջեւ Սեւ ծովում բացվել է առաջին օդանավակայանը, որը կառուցվել է արհեստականորեն ստեղծված կղզում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, օդանավակայանն այսօր ընդունել է Ստամբուլից ժամանած առաջին 136 ուղեւորին:

 

Օդանավակայանի բացմանը մասնակցել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը: Օդանավակայանի շինարարության համար մոտ 133 մլն դոլար է ծախսվել: Դրա կառուցումը սկսվել է 2011 թվականի հուլիսից: Սեւ ծովում 1,8 մլն քառ. մ արհեստական կղզի ստեղծելու վրա մոտ 35 մլն տոննա քար է օգտագործվել: Ենթադրվում է, որ օդանավակայանը կնպաստի Օրդու եւ Գիրեսուն նահանգների տնտեսության, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

 

Նախատեսվում է, որ մոտ ժամանակում Սեւ ծովի վրա եւս մեկ օդանավակայան կկառուցվի Ռիզե եւ Արտվին նահանգների միջեւ ընկած տարածքում: