ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի պատրաստվում դադարեցնել հունվարի 21-ից սկսած հացադուլը՝ անկախ այն բանից, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընդառաջ չգնաց նոր ընտրություններ անցկացնելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու իր կոչին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։

«Քաղաքական իրավիճակը փոխվել էր և ստեղծվել էր նոր հնարավորություն, դրա համար էր դիմել Անդրիաս Ղուկասյանը՝ չեղյալ հայտարարելու ընտրությունները և նոր ընտրություններ նշանակելու, սակայն, այդուհանդերձ, նա իր պայքարը նույն ոգով շարունակելու է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով Պարույր Հայրիկյանին կոչ էր արել դիմել Սահմանադրական դատարան՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով, այն բանից հետո, երբ Հայրիկյանը հունվարի 31-ին մահափորձի էր ենթարկվել, հրազենային վնասվածքով հոսպիտալացվել էր, այսինքն՝ ընդհատվել է նրա նախընտրական քարոզարշավը։

Ըստ ՀՀ սահմանադրության՝ եթե նախագահի թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, ապա նա կարող է դիմել ՍԴ և պահանջել 15 օրով հետաձգել ընտրությունները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսն Հայրիկյանի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ նա չի դիմի ՍԴ։

Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն անիմաստ է համարում Հայրիկյանի այն առաջարկը, թե բաց է մյուս թեկնածուների հետ քննարկելու իր որոշումը։

«ՍԴ դիմելու ամենից մեծ հնարավորությունն ինքն է ունեցել և կարող էր այդ քայլին դիմել, բայց չդիմեց և այսօր դիմել մնացած թեկնածուներին և ասել՝ քննարկենք, ընդամենը իրավիճակային հայտարարություն է»,– ասաց նա։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ սա ցույց տվեց, որ թեկնածուներն ունեն պայքարի տարբեր մոտեցումներ։ «Պայքարի նպատակները այլ ձևով են ընթանում, Հայրիկյանը գնում է ընտրությունների, իսկ Անդրեսը չի գնում»,– ասաց նա։

Նախագահի թեկնածու ներկայացուցիչը նաև նշեց, որ այս պահին դեռևս որոշված չէ, թե ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի Անդրիաս Ղուկասյանի անունը, թե՝ ոչ։ «Պայքարից դուրս գալու որոշումը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ն է, բայց դեռ այս պահին որոշում չկա»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրվանից՝ հունվարի 21-ից, դիմել է հացադուլի և պահանջում է, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։ Նա նաև պահանջում է, որ միջազգային դիտորդները հեռանան Հայաստանից։