Թուրքիայի հյուսիսարևելյան Օրդու և Գիրեսուն քաղաքների միջև Սև ծովում բացվել է առաջին օդանավակայանը, որը կառուցվել է արհեստականորեն ստեղծված կղզում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, օդանավակայանն այսօր ընդունել է Ստամբուլից ժամանած առաջին 136 ուղևորին:
Օդանավակայանի բացմանը մասնակցել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը: Օդանավակայանի շինարարության համար մոտ 133 մլն դոլար է ծախսվել: Դրա կառուցումը սկսվել է 2011 թվականի հուլիսից: Սև ծովում 1,8 մլն քառ. մ արհեստական կղզի ստեղծելու վրա մոտ 35 մլն տոննա քար է օգտագործվել: Ենթադրվում է, որ օդանավակայանը կնպաստի Օրդու և Գիրեսուն նահանգների տնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
Նախատեսվում է, որ մոտ ժամանակում Սև ծովի վրա ևս մեկ օդանավակայան կկառուցվի Ռիզե և Արտվին նահանգների միջև ընկած տարածքում: