Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, կներկայացվի «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայացումը հնարավոր կլինի դիտել մայիսի 27-ին, 31-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 10-ին: Սցենարի և բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
«Զույգ արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգն իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործին: Գրիգոր Նարեկացու խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ:
«Զույգ արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ 2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ արեգակներ»-ի առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի և Շտուտգարտի բալետային թատրոնների առաջատար մենապարողները: