Ղազախստանում տեղի են ունենալու ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը: Այդ միջոցառումները կանցկացվեն Բուրաբայ ավանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելու են Համագործակցության գործունեության լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ ֆինանսա-տնտեսական ոլորտում ԱՊՀ-ի երկրների համատեղ գործողությունների պլանի, մասնակից պետությունների տարածքներում միջազգային փոխադրումներ իրականացնելիս տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության, մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության հայեցակարգի նախագծերի ընդունումը:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի օրակարգում ընդգրկված է շուրջ քսան հարց, ներառյալ փոխադարձ առևտրի վիճակը և Եվրասիական տնտեսական միության պետությունների ապրանքաշրջանառության ավելացումը, ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և արժութաֆինանսական ոլորտներում համագործակցության խորացումը, արտահանման աջակցման միջոցառումները, ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերը:

 

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 29-ին Բուրաբայում կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: